Քրեական արդարադատություն՝ միայն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ
20.10.2025
Տիգրան Գրիգորյան
#DemocracyWatch - Հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեն բերման ենթարկեց Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի տասը հոգևորականի և աշխատակցի ու խուզարկություն անցկացրեց թեմի առաջնորդարանում։ Հաջորդ օրը իշխանությունները հայտարարեցին, որ երեք հոգի կալանավորվել են, այդ թվում՝ թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Հոգևորականների դեմ մեղադրանքները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը։ Քրեական գործերը հարուցվեցին այն բանից հետո, երբ Արագածոտնի թեմի մեկ այլ հոգևորական՝ Տեր Արամ Ասատրյանը, սեպտեմբերին տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2021-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցել է սեփական կամքին հակառակ։
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ մեկ այլ մեծ հնչեղության դեպք․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց այն բանից հետո, երբ հրապարակավ քննադատեց հոգևորականների դեմ հարուցված գործերը։ Նա Ֆեյսբուքում գրառում էր արել՝ քննիչներին, դատախազներին և դատավորներին հիշատակելով վիրավորական արտահայտություններով։ Մի քանի ժամ անց Կոչուբաևը բռնությամբ բերման ենթարկվեց և երկու ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրեցին դատավորների, դատախազների և քննիչների մասին «արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու մեջ՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ»։
Այս երկու դեպքերը տեղավորվում են ավելի լայն միտման մեջ, երբ իրավապահ և դատական համակարգերը օգտագործվում են ներքաղաքական խնդիրների լուծման համար։ Արագածոտնի թեմի հոգևորականների դեմ հարուցված գործը, ըստ էության, պետական իշխանությունների և եկեղեցու միջև հակամարտության հերթական դրվագն է՝ հստակ քաղաքական ենթատեքստով։
Թեև այս գործերի մանրամասները դեռ սահմանափակ են, սակայն խտրական արդարադատության պատկերն ակնհայտ է։ Այդ մասին են վկայում, օրինակ, 2023-ի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված մի շարք խախտումները, որոնց դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեղադրվում էր պետական համակարգի աշխատակիցներին՝ ուսուցիչներին, մանկավարժներին, մշակութային հաստատությունների աշխատողներին կուսակցական հանրահավաքներին և քարոզարշավի միջոցառումներին մասնակցելուն պարտադրելու մեջ։ «Ականատես» դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցում նշվում էր, որ որոշ դեպքերում աշակերտներն ու ծնողները ևս ներգրավվել են, իսկ ուսուցիչներն ու մարզիչները շեշտել են, որ ներկայությունը պարտադիր էր։ Այս խախտումների մասին բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում, սակայն որևէ քրեական գործ չհարուցվեց։ Այս ֆոնին հոգևորականների նկատմամբ հարուցված գործերը, որոնք վերաբերում են չորս տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ ենթադրյալ գործողություններին, դժվար է չընկալել որպես քաղաքականորեն պայմանավորված։
Կոչուբաևի գործը ևս վկայում է խոսքի ազատության դեմ ուղղված իրավական ճնշման մասին։ Վիճակագրորեն՝ 2020-2023 թվականներին խոսքի ազատության հետ կապված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը հարուցվել է այն անձանց դեմ, ովքեր քննադատել են վարչապետին կամ նրա կողմնակիցներին։
Այս և մի շարք այլ անհանգստացնող զարգացումների ֆոնին հոկտեմբերի 18-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով քրեական արդարադատության համակարգի աճող քաղաքականացումն ու դրա օգտագործումը ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Նրանք զգուշացրին, որ ընտրովի և անհամաչափ հետապնդումները, այդ թվում՝ սոցիալական մեդիայում արված գրառումների համար ձերբակալությունները, խախտում են մարդու հիմնարար իրավունքները և վտանգում օրենքի գերակայությունը։ ՀԿ-ները կոչ արեցին իշխանություններին՝ դադարեցնել դատական համակարգի նկատմամբ միջամտությունները, ապահովել արդար դատավարություն և հարգել ժողովրդավարական չափանիշները։
Այս և նախորդ քաղաքական գործերով պայմանավորված դեպքերը լուրջ հարված են հասցնում Հայաստանում դատաիրավական համակարգի անկախության գաղափարին։ 2018-ի Թավշյա հեղափոխության առանցքային խոստումներից մեկը հենց այս համակարգի բարեփոխումն էր՝ հավասար պայմաններ և իրավունքներ ապահովելու նպատակով։ Սակայն վերջին ամիսների զարգացումները վկայում են հակառակ պատկերի մասին․ կառավարության քննադատությունը կամ իշխանություններին քաղաքականապես հակադրվելը կրկին կարող են հանգեցնել քրեական ծանր հետևանքների։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: