Արցախցիների աջակցության ծրագրերը 2025-ի ընթացքում․ դիտարկումներ և առաջարկներ
Աջակցության հիմնական ծրագրերը
2025թ․ Արցախից բռնի տեղահանված բնակիչների աջակցության ծրագրերը փոփոխությունների ենթարկվեցին։ Միջնաժամկետ ամենախոշոր ծագիրը, որը ենթադրում էր բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցում 40 հազար + 10 հազար դրամ բանաձևով, էական փոփոխությունների ենթարկվեց։ 2025թ․ ապրիլի 1-ից ծրագրի շահառուների կազմը փոփոխության ենթարկվեց, կացարան չունեցող բոլոր փախստական բնակիչների փոխարեն այժմ շահառու դարձան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն I կամ II խմբի հաշմանդամություն, ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում, 63 տարեկան և բարձր անձինք, կերակրողի կորստի դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, հանրակրթական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության հաստատություններում սովորող և 18 տարեկանը լրացած անձինք, ինչպես նաև 18 տարեկանից փոքր երեխաները։ Նրանց գումարը իջեցվեց 40, ապա ընդհանուր՝ 30 հազարի: Ծրագիրը գործեց մինչև 2025թ․ վերջ։ 40+10 հազարների ծրագիրը սահմանափակելու ոչ պաշտոնական հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ բնակվարձի փոխհատուցումը խանգարում է բնակապահովման ծրագրի առաջ գնալուն և որ երաշխավորված բնակվարձի փոխհատուցում ունեցող բռնի տեղահանված անձինք չեն շտապում ձեռք բերել քաղաքացիություն և օգտվել բնակարանային ապահովության ծրագրից։
2025թ․ շարունակվեց նաև 2024թ․ կեսերից մեկնարկած բնակարանային ապահովության ծրագիրը, որը ենթադրվում է 2-5 միլիոն դրամի աջակցություն տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ կախված նրանից թե ընտանիքը Հայաստանի ո՞ր բնակավայրում է բնակարան ձեռք բերել։ Կառավարությունը սահմանեց նաև 3,4 և 5 միլիոնանոց բնակավայրերի ցանկ, որը տարվա ընթացքում փոփոխության ենթարվեց՝ որոշ կարևոր բնակավայրերում, այդ թվում մարզկենտրոններ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև այլ քաղաքներում՝ Չարենցավան, Էջմիածին, Բյուրեղավան և այլն։ Գումարի չափը բարձրացվեց 4 միլիոն դրամի։ Այս փոփոխությունները, ինչպես նաև բնակվարձի ծրագրի կրճատումը արագացրին բնակարանների գնման հավաստագիր ստացող ընտանիքների թվի աճը։ Հավաստագիր ստանալու համար ընտանիքի բոլոր անդամները պետք է (կրկին) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերեին։ 2025թ․ դեկտեմբերի 15-ի դրությամբ, բնակապահովման պետական ծրագրով, 1,5 տարվա ընթացքում բնակարան էր ձեռք բերել շուրջ 1600 բռնի տեղահանված արցախցի ընտանիք, պոտենցիալ շահառուների թիվը հասնում է մինչև 30 հազար ընտանիքի։ Այս ծրագիրը խնդրահարույց է հատկապես փոքր ընտանիքների համար։ 2025թ․ծրագրում մտցվեց փոփոխություն, որով հնարավորություններ էր տալիս 60 և ավելի տարիք ունեցող ընտանիքի անդամ ունեցող 1,2 և 3 հոգանոց ընտանիքի անդամներին բնակարանների գնման հավաստագրի փոխարեն 10 տարի շարունակ ստանալ ամսական 40 հազար դրամ փոխհատուցում։ Բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը որոշել է ներգրավել վարկային միջոցներ։ Նրան այդպես էլ չհաջողվեց դոնորների միջազգային կոնֆերանս հրավիրել՝ մոբիլիզացնելու բարեկամ երկրներին այս զգայուն խնդրի լուծման շուրջ։
Բնակարանային խնդրից բացի, տեղահանված քաղաքացիները նշում են հատկապես զբաղվածության և սեփական գործ սկսելու համար փոխառու միջոցների բացակայության հարցը (հաշվի առնելով, որ ընչազուրկ դարձած անձինք հիմնականում գրավի առարկա չունեն)։ Այս ամենը վերհանվել է Արցախի տեղական առաջնորդների (շրջանների և համայնքների ղեկավարներ) քննարկումների արդյունքում։ Խորքային ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ որոշում կայացնող կառույցներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել էր զբաղվածության ծրագիր, որը ենթադրում է մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Այն պարունակում էր եռամսյա վերապատրաստման վարձի փոխհատուցում և եռամսյա կրթաթոշակ, ինչպես նաև շահառուին աշխատանքի վերցրած գործատուին հարկերի և այլ վճարների չափով փոխհատուցում որոշակի ժամկետով։ 2025թ․ այս ծրագրի շահառու էր դարձել շուրջ 7 հարյուրյակ անձ, սակայն հստակ չէ, թե ծրագրի ֆինանսավորման ժամկետից հետո քանիսն են շարունակում աշխատել, դիտարկումները ցույց են տալիս, որ այս ծրագրով գործառու դարձած անձանց հոսունությունը մեծ է։
2025թ․ դեկտեմբերի 25-ին կառավարությունն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը, որը ուղղված էր շահառուների տնտեսական կայունացմանը՝ ձեռնարկատիրական գործունեության խթանման միջոցով։ Թեև ծրագիրը կտարածվի սահմանափակ թվով անձանց վրա (կառավարության գնահատականով 200 շահառու), քանզի շահառուներ են համարվելու միայն բնակարանների գնման հավաստագիր ստացած և առնվազն վերջին երեք ամսում գործազուրկ անձինք, որոնք պետք է անցնեն համեմատաբար երկար դասաընթաց, որից հետո կարող են մասնակի ստանալ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար մինչև 2 միլիոն դրամ դրամաշնորհը։ Այնուամենայնիվ, բռնի տեղահանված բնակչության համար հատուկ ծրագիր անելը, որը կխթանի ձեռնարկատիրությունը, ողջունելի նախաձեռնություն է։
Այս տարի կառավարությունը շարունակել է արցախցի ուսանողների ուսումնական վարձերի փոխհատուցումը, այդ թվում այս տարի բուհեր և քոլեջներ ընդունված 240 առաջին կուրսեցու համար։ Առաջադիմության որոշակի շեմ չապահոված ուսանողները հետագայում զրկվում են այդ աջակցությունից։
Ամփոփելով 2025թ․ ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացրած ծրագրերը, կարող ենք ֆիքսել, որ աստիճանաբար անցում է կատարվում միակ հիմնական երկարաժամկետ ծրագրին՝ բնակապահովման ծրագրին։ Բնակվարձի փոխհատուցման միջնաժամկետ ծրագիրը սահմանափակվում է և աստիճանաբար գնում դեպի վերացում (հնարավոր է, նախընտարական շրջանով պայմանավորված, ծրագիրը երկարաձգվի ևս մեկ տարով)։ Զբաղվածության խրախուսման և ձեռնարկատիրության աջակցության երկչոտ ծրագրերը դեռևս լայն տարածում և ազդեցություն չունեն։ Արցախից բռնի տեղահանումից ավելի քան 27 ամիս անց բռնի տեղահանված անձանց հիմնական խնդիրները մնում են բնակապահովությունը, զբաղվածությունը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար փոխառու միջոցների անհասանելիությունը։
Քննադատական հայացք ծրագրերի տրամաբանությանն ու արդյունավետությանը
2025թ․ ընթացքում ՀՀ կառավարության քաղաքականության մեջ հստակ նկատվում է անցում սոցիալական աջակցությունից դեպի «կանոնակարգված ինտեգրում», որի առանցքում դրվում է բնակապահովման ծրագիրը։ Սակայն այս անցումը իրականացվում է միակողմանիորեն՝ առանց բռնի տեղահանվածների հետ հանրային, քաղաքական կամ ինստիտուցիոնալ քննարկման։
Բնակվարձի փոխհատուցման ծրագրի կրճատման ոչ պաշտոնական հիմնավորումները (քաղաքացիություն չընդունելը, բնակապահովման ծրագրի դանդաղումը) վկայում են ոչ թե շահառուների անպատասխանատվության, այլ ծրագրերի միջև թույլ խթանների մասին։
Փոխանակ վերանայելու ծրագրերի տրամաբանությունը՝ կառավարությունը ընտրեց սոցիալական աջակցության սահմանափակման ուղին, ինչը կարճաժամկետ կարող է արագացնել որոշ ցուցանիշներ, սակայն երկարաժամկետ խորացնում է անվստահությունը պետության հանդեպ։
Բնակապահովման ծրագիրը փաստացի դարձել է միակ երկարաժամկետ պետական քաղաքականությունը, որի շուրջ կառուցվում են մյուս բոլոր որոշումները։ Սակայն ծրագիրը ունի մի շարք կառուցվածքային խնդիրներ` այն ավելի հարմար է բազմամարդ ընտանիքների համար; փոքր ընտանիքները և միայնակ անձինք հայտնվում են ընտրության առաջ՝ կամ անարդյունավետ ներդրում, կամ ծրագրից դուրս մնալ; քաղաքացիության պարտադիր պայմանը քաղաքականապես հասկանալի է, բայց սոցիալապես ոչ նուրբ, հատկապես այն մարդկանց համար, որոնք դեռևս ունեն որոշակի վախեր կամ իրավական անորոշության հարցեր։ Առավելևս, որ մարդիկ այս վիճակում հայտնվել են ՀՀ կառավարության կամայական որոշման հետևանքով, այսինքն միշտ ՀՀ քաղաքացի համարված անձինք մի օրում համարվել են ոչ քաղաքացի և նրանց համար սահմանվել է (նորից) քաղաքացի դառնալու ընթացակարգ։ Պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ կառավարության նմանատիպ մեկ այլ ծրագրով՝ «ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման» պետական ծրագրով քաղաքացիության պարտադիր պայան նշված չէ։ Հետևաբար, նոր բնակապահովման ծրագիրը նաև այդ առումով խտրական մոտեցում է պարունակում։
Բացի այդ, ծրագիրը իրականացվում է վարկային միջոցների հաշվին, մինչդեռ կառավարությանը չի հաջողվել միջազգային դոնորներին ներգրավել համապարփակ քաղաքական փաթեթի շուրջ։ Սա հարց է առաջացնում՝ արդյոք բնակապահովումը դիտարկվում է որպես միջազգային մարդասիրական խնդիր, թե որպես բացառապես ՀՀ ներքին սոցիալական բեռ։ Այս մոտեցումը հաճախ բերում է հակաարցախյան տրամադրությունների՝ ենթագիտակցական մակարդակում սրսկելով, թե հայաստանյան հանրությունը գնում է զոհողությունների արցախցիների խնդիրները լուծելու համար։ Այս մոտցումն ավելի է սրվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում վարչապետի ելույթներում, որտեղ Հայաստանի պետական պարտքի մեծացումը պայմանավորվում է բանակի և արցախցիների վրա կատարված ծախսերով։
Զբաղվածության խթանման ծրագիրը փաստացի արձանագրել է որոշակի քանակական արդյունք, սակայն դրա որակական արդյունավետությունը մնում է անորոշ։ Աշխատատեղերի բարձր հոսունությունը ցույց է տալիս, որ ծրագիրը հաճախ չի լուծում իրական խնդիրները՝ աշխատավարձերի ցածր մակարդակի, մասնագիտական անհամապատասխանության, ծրագրի ավարտից հետո մեծ հոսունության հետ կապված։ Ծրագիրը ավելի շատ հիշեցնում է կարճաժամկետ ակտիվացման միջոց, քան կայուն ինտեգրման քաղաքականություն։
Ինքնազբաղվածության խթանման ծրագիրը գաղափարապես ճիշտ է, սակայն դրա շահառուների շրջանակը չափազանց սահմանափակ է։ Փաստացի՝ այն հասանելի է միայն այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ կարողացել են հաղթահարել մի քանի խոչընդոտ կամ համապատասխանում են բազմաթիվ պայմանների (քաղաքացիություն, բնակարանային հավաստագիր, գործազուրկ կարգավիճակ)։
Սա ստեղծում է վտանգ, որ ամենախոցելի խմբերը կրկին դուրս կմնան աջակցությունից, իսկ ձեռնարկատիրությունը դիտարկվում է ոչ թե որպես սոցիալական վերականգնման գործիք, այլ որպես «պարգև» արդեն կայունացածների համար։
Հաջորդ կարևորը բացթողումը առանց լուրջ մասնակցայնության որոշումների ընդունումն է։ Ի սկզբանե Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ որոշումներն ընդունվում էին առանց արցախցիների տարբեր խմբերի հետ քննարկումների։ Եթե 2023թ․ վերջին եռամսյակում ՀՀ կառավարությունը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հետ որոշակի շփումներ ուներ, ապա այդ «անցումային փուլն» ապահովելուց հետո նման բան այլևս չի նկատվում։ Շատ հաճախ խորհրդակցությունները ունենում են ցուցադրական բնույթ՝ ֆորմալ առումով ապահովելով մասնակցայնության շղարշ։ Ծրագերում որոշակի փոփոխություններ հաճախ կատարվել են հանրային ճնշման կամ ծրագրերի անտրամաբանական մասերի հաճախակի քննադատությունից հետո։
Առաջարկներ
Բնակապահովման ծրագրի իրականացումը չպետք է բերի սոցիալական աջակցության կտրուկ նվազեցման։ Բնակվարձի փոխհատուցումը չպետք է վերացվի, այլ վերափոխվի՝ կապելով այն բնակապահովման առաջընթացի հետ, սահմանելով ժամանակային, բայց ճկուն անցումային փուլեր,թույլ տալով մասնակի համատեղում։
Պետք է մշակել առանձին փաթեթ միայնակ անձանց և փոքր ընտանիքների համար, ինչպես օրինակ՝ սոցիալական բնակարանները կամ համայնքային բնակարանային ֆոնդը։
Զբաղվածության ծրագրերում պետք է կարևորվեն երկարաժամկետ արդյունքները։ Պետությունը պետք է չափի ոչ թե միայն ներգրավվածների թիվը, այլ՝ 6 և 12 ամիս անց պահպանված աշխատատեղերը, աշխատավարձի մակարդակը, սոցիալական ապահովվածությունը։
Ինքնազբաղվածության ծրագրին զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով միկրովարկերի համակարգ՝ առանց գրավի պահանջի։
Հաջորդ կարևոր կետն այն է, որ արցախցիները պետք է մասնակցություն ունենան իրենց վերաբերող քաղաքական որոշումներին։ Աջակցության ծրագրերը պետք է մշակվեն ոչ թե միայն նրանց համար, այլ նրանց հետ միասին՝ խորհրդատվական մարմինների, մշտական երկխոսության և մասնակցային մեխանիզմների միջոցով։
Հայկ Խանումյան
փորձագետ