Իրանական ցույցերի առանձնահատկությունն ու հնարավոր զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա
29․01․2026
Ցույցերն Իրանի պատմության մեջ
Իրանում ցանկացած ցույց վերլուծությունների դաշտում, ընդ որում՝ և՛ իրանական, և՛ միջազգային, երկու հիմնական պատումների առիթ է դառնում․ «ցույցերը սոցիալական, տնտեսական, անհատական ազատությունների պահանջի մասին են, բայց Իսլամական Հանրապետության դեմ չեն», և՝ «ցույցերը սոցիալական, տնտեսական, անհատական ազատությունների պահանջի մասին են՝ որպես պատրվակ, հիմնական դժգոհությունը Իսլամական Հանրապետության ռեժիմից է ինքնին»։ Երկրորդ պատումի հեղինակները որպես կանոն իրենց վերլուծություններում անպայման ազդարարում են՝ «իրանական ռեժիմը կործանման եզրին է»։
Երկու մեկնաբանությունն էլ ճշմարտության հատիկ ունեն։ Նախ՝ որովհետև, անկախ ցույցերի դրդապատճառից, ցուցարարների շարքերը երբեք միատարր չեն լինում, և միշտ կարելի է գտնել թե՛ նրանց, որոնք սոցիալական խնդիրներով են մտահոգ, թե՛ նրանց, որոնք պայքարում են անհատական ազատությունների համար, և թե՛ նրանց, որոնք կարծում են, որ վերոնշյալ խնդիրները ներկա քաղաքական համակարգի շրջանակներում անհնար է լուծել։ Միաժամանակ, բնական է, որ Իրանում տեղի ունեցող ցանկացած ցույց անմիջապես իր աջակիցներն է գտնում նաև երկրից դուրս՝ իրանական սփյուռքում, ինչպես նաև ամերիկյան ու իսրայելական վերլուծական շրջանակներում։ Տեխնոլոգիաների ու համացանցի ընձեռած հնարավորություններին զուգընթաց աճել է իրանական սփյուռքի ընդդիմադիր քաղաքական հայացքներով մարդկանց ավելի ընդգրկուն մասնակցությունը Իրանի ներքաղաքական գործընթացներում։ Հաշվի առնելով, որ Սփյուռքի մի զգալի մասը ձևավորվել է Իսլամական հեղափոխությունից հետո քաղաքական, անվտանգության ու տնտեսական պատճառներով երկիրը լքած մարդկանցից, նրանց մեջ քիչ չեն հենց ռեժիմի փոփոխության կողմնակիցները։ Իսկ Ամերիկյան ու իսրայելական վերլուծական ու քաղաքական շրջանակներում էլ, քանի որ վաղուց ի վեր տարածված է ռեժիմի փոփոխությամբ «իրանական հարցի» լուծման ջատագովությունը, յուրաքանչյուր ցույց առիթ է տալիս այդ ջատագովության համար նոր ալիքի ձևավորման։
Ցույցերն Իրանի ժամանակակից պատմության անբաժանալի մասն են ու իրանական քաղաքական մշակույթին հատուկ բողոքի դրսևորում։ Իրանի Իսլամական Հանրապետության պատմությունը նույնպես լի է տարբեր խնդիրների առիթով ցույցերի առկայությամբ։ Նրանցից ամենաառաջինը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, երբ նոր ձևավորված հանրապետությունն ընդունեց «հիջաբի մասին» օրենքը։ Հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ կանայք իրենց խաբված զգացին այդ օրենքի ընդունմամբ ու դուրս եկան փողոց՝ պահանջելու չեղարկել այն։
Հաջորդ մեծ ալիքը ցույցերի՝ 1999-ի ուսանողական ցույցերն էին, որ սկսվեցին ընդդեմ բարեփոխական թերթի փակման որոշման ու ի աջակցություն ժամանակի բարեփոխիչ նախագահ Մուհամմադ Խաթամիի քաղաքականության։ 2009թ․-ի ընտրություններից հետո էլ, երբ նախագահի թեկնածու բարեփոխական գործիչ Միր Հուսեյն Մուսավիին ընտրած քաղաքացիները բողոքում էին ընտրության արդյունքներով գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին վերագրված հաղթանակի դեմ։ Ձևավորված «կանաչ շարժման» հիմնական կարգախոսն էր «որտե՞ղ է իմ քվեն» հարցը, ինչը վկայում էր, որ ցուցարարները լեգիտիմ էին համարում քաղաքական համակարգը, վիճարկում դրա ընտրական համակարգի թափանցիկությունը։ Այս ցույցերից հետո և՛ Մուսավին, և՛ նրա կինը՝ Զահրա Ռահնեվարդը, և՛ աջակիցներ Մեհդի Քարուբին ու Մուհամադ Խաթամին ենթարկվեցին տնային կալանքի ու խոսքի սահմանափակման։ Ցույցեր են տեղի ունեցել նաև 2017-ին, 2018-ին, 2019-ին՝ բոլորը տնտեսական դրդապատճառներով, բայց բոլորը ներառելով նաև քաղաքական բողոքի բաղադրիչ։ Իսկ 2020-ի ցույցերը գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո իրանական իշխանության կողմից սխալմամբ խփված Իրան-Ուկրաինա չվերթ կատարող ինքնաթիռից հետո էին, ու դժգոհությունը մի կողմից վատ կառավարման, մյուս կողմից սխալը թաքցնելու սկբնական ձգտման դեմ էր։ Այլ կերպ ասած՝ հերթական ճեղքը իշխանությունների հանդեպ վստահության տեսանկյունից։ Վերջին շրջանի ցույցերի ամենամեծ ալիքը, սակայն, 2022-ի ցույցերն էին, որոնք հաջորդեցին Մահսա Ամինիի սպանությանը և ունեին «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը։
Ի՞նչն էր տարբեր այս անգամ
2025-ի դեկտեմբերի վերջից մեկնարկած ցույցերի դրդապատճառը երկրի ազգային արժույթի՝ ռիալի, հերթական կտրուկ արժեզրկումն է։ Բայց այս իրադարձությունը տեղի է ունեցել մի համատեքստում, երբ երկիրը ծանր տնտեսական ճգնաժամերի պայմաններում 12-օրյա պատերազմ է վարել Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ, լուրջ վնասներ է կրել միջուկային ոլորտում՝ մի ոլորտում, որտեղ տարիներով հսկայական ներդրումներ են արվել՝ ի հաշիվ մյուս ոլորտներում եղած կրճատումների։ Սա տեղի է ունեցել նաև մի համատեքստում, երբ նախորդ երկու տարիների ընթացքում Իրանի՝ Մերձավոր Արևելքի շիայական կիսալուսնի գործընկերները կամ կորցրել են իշխանությունը, կամ մեծապես կորցրել դիմադրության համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իսկ այս աջակիցների՝ «Դիմադրության առանցքի» կարիքների համար նույնպես Իրանը տարիներով միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ ի հաշիվ իր երկրում բազմաթիվ թերզարգացած ենթակառուցվածքների, առանցքային ռեսուրսների՝ այդ թվում ջրի, լուրջ պակասի, գործազրկության ու աղքատության աճող թվերի։ Սրան գումարվում է մահապատժի ենթարկված հազարավոր մարդկանց հարցը՝ կապված և՛ վերջին տարիների ցույցերի մասնակցության, և՛ 2025-ի պատերազմական գործողությունների արդյունքում սկսված «վհուկների որսի» հետ։
Իրանի պատմության մասնագետ Երվանդ Աբրահամյանի պնդմամբ, Իրանում ցույցերը հաջողության հասնելու հնարավորություն են ունենում, եթե դրանց միանում է նաև «Բազարը»՝ իրանական շուկան, որ երկրի իշխանությունների կարևորագույն հասարակական հենարանն է համարվում։ Իսլամական հեղափոխությունը այս պնդման պացույցներից մեկն է։
2025-ի տարեվերջին սկսված ցույցերը սկսել էին Թեհրանի Բազարից, ինչը կարելի է համարել այս ալիքի հիմնական առանձնահատկություններից մեկը և հավելյալ փաստարկ այն մասին, որ նույնիսկ քաղաքական համակարգի ամենանվիրյալ հասարակական շերտը փոփոխությունների պահանջատեր է։
Ոչ «մահ դիկտատորին», ոչ «կեցցե Շահը» վանկարկումները նոր չէին իրանական ցույցերի համար, և նրանց առկայությունը դեռ բավարար ցուցիչ չէ ցուցարարների միատարրության ու ԱՄՆ-ում ապրող Իրանի արքայազն Ռեզա Փեհլևիի հանդեպ մեկ միասնական վերաբերմունքի վերաբերյալ եզրահանգումներ անելու համար։ Բայց նորությունն այս անգամ այս թեմայով այն էր, որ արքայազնը ցույցերի առաջին իսկ օրերին փորձեց դրանք ուղղորդողի դեր ստանձնել, և ցուցարարների մեծ մասը ենթարկվեցին նրա հորդորներին՝ կոնկրետ տեղերում ու կոնկրետ ժամերին հավաքվելու վերաբերյալ։ Սա խոսում էր այն մասին, որ եթե ոչ որպես երկրի ապագա ղեկավար, ապա առնվազն որպես ցույցերի միավորող առաջնորդ նա կարող է դերակատարում ունենալ։
Մյուս առանձնահատկությունը ցույցերի՝ գրեթե բոլոր օսթանները՝ մարզերը, ընդգրկելն էր, և ոչ միայն խոշոր, այլև միջին ու փոքր քաղաքներում, գյուղաքաղաքներում տեղի ունենալը։ Եթե վստահենք հեղափոխությունների տեսաբաններին և հիշատակենք նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի՝ 86 տարեկան լինելու և արդեն տարիներ շարունակ հիվանդություն ունենալու հանգամանքը, ապա նկարագրված իրադրությունները ծածկում էին գրեթե բոլոր նախապայմանները նոր հեղափոխության համար։ Միակ բացակայող նախապայմանը իշխանության մեջ առկա պառակտման առկայությունն էր։
Հանգամանքը, որ կառավարությունը՝ Իրանի նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ, փորձում էր երկխոսության եզրեր գտնել ցուցարարների հետ, առաջին օրերին տպավորություն էր ստեղծում, որ այդ պառակտումն էլ սարերի ետևում չէ։ Բայց ողջ երկրում համացանցի անջատումից, բռնությամբ ցույցերը ցրելուց ու սպանված ցուցարարների աննախադեպ մեծ թվից, ինչպես նաև Փեզեշքիանի կողմից ցուցարարների շարքերում ԴԱԵՇ-ի անդամների առկայության մասին հայտարարություններից հետո, այդ պառակտման շանսերը նվազում են։
Ներկա ճգնաժամից հնարավոր ելքեր
2025 թ․-ի հունիսին Իրանի վրա Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակումից, ինչպես նաև Իրանի հանդեպ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառումից հետո սոցիալ-տնտեսական հողի վրա ծագող դժգոհությունների ցանկացած ալիք հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ արտաքին ռազմական միջամտության ու տնտեսական սեղմվող օղակի ճնշման պայմաններում Իրանի ղեկավարությանն ավելի ու ավելի դժվար է լինելու կառավարելի պահել սոցիալական խռովությունները։ Ցույցերի ճնշման արդյունքում հազարավոր զոհերի փաստն էլ ավելի են դժվարացնում կառավարելի պագայի վերաբերյալ ենթադրությունները։
Միաժամանակ, դեռևս մեծ է մնում նոր ռազմական միջամտության սպառնալիքը՝ հաշվի առնելով և՛ այն հանգամանքը, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չեն «լուծել» իրենց առաջ դրված խնդիրը (միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացում, բալլիստիկ հրթիռների արտադրության կասեցում, Իրանի՝ Մերձավոր Արևելյան քաղաքականության վերահսկողություն), և՛ այն, որ Իրանում ծագած ցույցերի վերջին ալիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը ցուցարարներին «օգնելու» հանրային խոստում է տվել։ «Օգնության» ձևերի մեջ ամերիկյան ու իսրայելական շրջանակներում քննարկվում է նաև ռազմական միջամտության հարցը։
Ներքին խիստ լարվածության ու արտաքին առավելագույն ճնշման պայմաններում Իրանի կառավարման համակարգի արտաքին քաղաքական ու տնտեսական ուղենիշների ստատուս քվոյի պահպանումը քիչ հավանական է դառնում, իսկ փոփոխությունները կարող են զարգանալ մի քանի ուղղությամբ։ Առաջին՝ ներքին, բայց կտրուկ կերպափոխում՝ որոշումների ուժային բալանսի տեղափոխում դեպի Կառավարություն։ Այս պարագայում դեռևս կարող է հնարավորություն լինել Իրան–ԱՄՆ երկխոսության, նոր միջուկային համաձայնագրի և տնտեսական սեղմված օղակի թուլացման ուղղությամբ քայլերի համար։ Այս սցենարի դեպքում ԻՀՊԿ-ի նման դեռևս բավարար ուժեղ գործոնը կարող է ամենալուրջ խոչընդոտը դառնալ։
Երկրորդ՝ արտաքին ռազմական միջամտությամբ քաղաքական վարչակարգի տապալում՝ անցումային կառավարչի նշանակմամբ։ Այս սցենարի դեպքում, կախված գործողությունների տևողությունից ու ընտրված կառավարչի՝ ողջ երկրում կամ միայն որոշ տարածքներում ընդունելի լինելուց, հնարավոր է և՛ երկրի տարածքային ամբողջականության պահպանում, և՛ տարածքային ամբողջականության պահպանմամբ ֆեդերալ կառավարման անցում, և՛ երկրի մասնատման փորձեր։ Ներկա փուլում անցումային ծրագրերով հանդես եկող բոլոր դերակատարները երկրի տարածքային ամբողջականության պահպանման ջատագովներ են, նրանցից միայն մեկի դեպքում է ինքնավարություն առաջարկվում քրդաբնակ տարածքների համար։
Հնարավոր է նաև նոր գործարքի հնարավորություն ներկա վարչակազմի հետ՝ Միջուկային ծրագրի, բալլիստիկ հրթիռների տարածաշրջանային քաղաքականության հետ մեկտեղ՝ ներառելով նաև երկրի քաղաքական համակարգի ներքին կերպափոխման հարցը։
Ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա
Իրանի ներքին անկայունությունն ու արտաքին առճակատումը զգալի ռիսկեր են պարունակում Հայաստանի անվտանգության միջավայրի համար։ Իրանը թեև ոչ բացառիկ, բայց կարևոր դերակատար է եղել Հայաստանի վրա ազդող տարածաշրջանային սպառնալիքները զսպելու հարցում, և այս գործոնի թուլացումը կարող է նվազեցնել Հայաստանի ռազմավարական դիմակայունությունը։
Իրանում անկայունությունը կարող է խաթարել նաև Հայաստանի տնտեսական և լոգիստիկ շահերը, վտանգել կապուղիներն ու մեծացնել փախստականների ներհոսքի և հումանիտար ճգնաժամի ռիսկը։ Միևնույն ժամանակ, ռազմական էսկալացիայի նոր ռիսկը իր հերթին է մեծացնում վերոգրյալ վտանգների հնարավոր ազդեցությունը։
Հաշվի առնելով, որ ներկա ճգնաժամից ելքի մի քանի հավանական սցենարներ կան, կարելի է պնդել, որ Հայաստանի համար ամենից մեծ ռիսկեր պարունակողը Իրանի ներսում երկարատև անկայունության հեռանկարը կարող է լինել։ Ընդ որում՝ այդպիսի անկայունություն հնարավոր է ենթադրել՝ և՛ ռազմական միջամտության, և՛ դրա բացակայության պայմաններում։
Եթե իշխանության փոխանցման շուրջ ճգնաժամը լուծվի հօգուտ ԻՀՊԿ-ի, ու Իրանը հավելյալ մեկուսացած ու նոր տնտեսական պատժամիջոցների տակ շարունակի իր քաղաքական ապագան, ապա դա էլ իր հերթին քաղաքական ռիսկեր է պարունակելու Հայաստանի համար, որի անկախության ողջ պատմությունը Արևմուտքի ու Իրանի հետ հարաբերությունները միմյանց դեմ չօգտագործելու մասին պատմություն է։
Հայաստանի անվտանգության ու քաղաքական-տնտեսական ավելի մեծ հնարավորությունների համար լավագույն սցենարը Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորած Իրանն է։ Արդյոք հնարավոր է ներկա քաղաքական համակարգով նման հեռանկար ունենալ, կախված կլինի առաջիկա հնարավոր բանակցություններից ու ԱՄՆ-ի հետ նոր պայմանագիր կնքելու Իրանի պատրաստակամությունից։
Մինչ որևէ ելքի հանգրվանին հասնելը, սակայն, ներկա լարված իրադրությունն էլ ինքնին քաղաքական ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։ Հայաստանում իրանցի ցուցարարներից դժգոհ Իրանի դեսպանի հայտարարությունը ցուցիչն է այն իրադրության, որ պահպանվող լարվածության պայմաններում հակամարտող կողմերը՝ թե՛ Իրանի ներսում, թե՛ միջազգային մակարդակում ավելի մեծացնելու են երկուստեք ձգտումը Հայաստանին դրդել աջակցելու որևէ կողմին։ Հնարավոր բոլոր զարգացումների պարագայում չեզոքության պահպանումն ու միաժամանակ սեփական ժողովրդավարական օրենքներին ու որդեգրած ռազմավարություններին չհակասելը Հայաստանի հիմնական խնդիրն է լինելու առաջիկայում։
Աննա Դավթյան-Գևորգյան
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող