Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ մարտ, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ մարտ, 2026

Այս նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով: Որևէ նմանություն իրական մարդկանց կամ իրադարձությունների հետ պատահական է։

 

14.04.2026

 

Տիգրան Գրիգորյան, Հայկ Խանումյան

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումից և ողջ բնակչության բռնի տեղահանությունից հետո Հայաստանում արցախցի փախստականների ինտեգրման գործընթացում շարունակում են բազմաթիվ մարտահրավերներ գոյություն ունենալ։ Միջազգային ու հայաստանյան դերակատարների մեծամասնությունը վերջին երկուսուկես տարվա ընթացքում կենտրոնացած են փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը առնչվող մարտահրավերների հասցեագրման վրա։ Մինչդեռ, արցախցիների ինտեգրմանը խոչընդոտող կարևորագույն գործոններ են նաև փախստականների դեմ գեներացվող ատելության խոսքը և նրանց քաղաքացիական ներգրավման խնդիրը։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) հայաստանյան և միջազգային այն եզակի կազմակերպություններից է, որը վերջին տարիներին աշխատում է հատկապես այդ խնդիրների և մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ։ Հիմնվելով նախորդ շրջանում իրականացրած մեր հետազոտական աշխատանքի ու այս թեմայով ունեցած փորձի վրա՝ մենք արձանագրել էինք, որ ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում փախստականներին թիրախավորող խոսույթներն ու ատելության խոսքը շեշտակիորեն աճում են։

Այդ առումով հունիսին կայանալիք խոհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախընտրական և հետընտրական շրջանները առանձնակի ուշադրության են արժանի փախստականներին թիրախավորող ատելության խոսքի մշտադիտարկման, փաստագրման և առաջարկությունների մշակման համար։ ԺԱՏԿ-ն մոտակա ամիսների ընթացքում այս թեմային նվիրված չորս կարճ զեկույց է պատրաստելու,  որոնք ամփոփվելու են արցախցի փախստականներին թիրախավորող ատելության խոսքին նվիրված ավելի խոշոր զեկույցում։ 

 

Այս զեկույցներում օգտագործելու ենք ՄԱԿ-ի կողմից ատելության խոսքի վերաբերյալ իր գործողությունների ծրագրում ներառված ատելության խոսքի հետևյալ ընդհանուր սահմանումը․ «Խոսքի միջոցով, գրավոր կամ վարքագծի միջոցով հաղորդակցման ցանկացած տեսակ, որը հարձակողական բնույթ է կրում կամ օգտագործում է նվաստացուցիչ կամ խտրական խոսք՝ ուղղված անձին կամ խմբին՝ այն բանի հիման վրա, թե ովքեր են նրանք, այլ կերպ ասած՝ նրանց կրոնի, էթնիկական

պատկանելության, ազգության, ռասայի, մաշկի գույնի, ծագման, սեռի կամ

ինքնության այլ գործոնի հիման վրա»։

Նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկն ու փախստականների դեմ ատելության խոսքը

 

2026թ․ մարտ ամիսը ակտիվ էր թե քաղաքական ուժերի քարոզարշավներով, թե արցախցիների թիրախավորման պրակտիկայով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցները վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար թիրախավորում էին արցախցիներին՝ հիմնականում օգտագործելով փախստականներին պիտակավորող երկու պատում՝   «դասալիք ղարաբաղցիների» մասին պատումը  և «անշնորհակալ ղարաբաղցիների» մասին պատումը։

Փախստականների դեմ ատելության խոսքի նոր ալիքի սկիզբը դրեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը։  2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմեց արցախցի մի կնոջ (Արմինե Մոսիյանին) և իր երեխային՝ փորձելով նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվեց, ներկայացնելով իր պատճառները, ինչից հետո Փաշինյանը շարունակեց բանավիճել նրա հետ՝ ի հեճուկս վերջինիս խնդրանքին չշարունակել զրույցը։ Այնուհետ, Փաշինյանը բարձրացրեց ձայնը, կնոջ հետ խոսեց մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ նա նշեց, որ կխոսի այդպես, հայտարարելով, որ Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «մյուս անգամ փախածներով չփորձեն ասել, որ ինքը Ղարաբաղ է տվել»։ 

 

Այդ միջադեպից անմիջապես հետո իշխող կուսակցության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները սկսեցին ատելության խոսք ու ապատեղեկատվություն տարածել Մոսիյանի և արցախցիների վերաբերյալ։ Թեև հանրային լուրջ ճնշումից հետո Փաշինյանը, ի վերջո, ներողություն խնդրեց Մոսիյանից, այնուամենայնիվ, իշխանական լրատվամիջոցները շարունակեցին ապատեղեկատվություն ու ատելության խոսք տարածել։ 

 

Նախ իշխանական լրատվամիջոցները սկսեցին տարածել Մոսիյանի կողմից տարիներ առաջ արված գրառումներ, որոնցում նա թիրախավորում էր Փաշինյանին և իր կողմնակիցներին: Հաջորդիվ, Մոսիյանին վերագրվեցին կեղծ պնդումներ, որոնք նա չէր արել։ 


Մասնավորապես, Araratnews.am-ը կարճ տեսանյութ էր պատրաստել միջադեպի վերաբերյալ, որում նշված էր․ «Այսօր Երևանի մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի, և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»:

 

Մոսիյանը միջադեպի ընթացքում այդպիսի հայտարարություններ չէր արել, սակայն այս կեղծիքը տարածվեց նաև Medianews.site-ի կողմից, որի կապը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ տարիներ առաջ բացահայտվել էր Ինֆոքոմի հետաքննության միջոցով։ 

 

Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը հերքեց այդ կեղծիքը, սակայն այն զգալիորեն մեծացրեց Մոսիյանի և արցախցի փախստականների դեմ տարածվող ատելության խոսքի ծավալները։

AraratNews կայքի գլխավոր խմբագիրը մինչև Թավշյա հեղափոխությունը՝ 2013-2018 թթ․, եղել է Ալեն Սիմոնյանը՝ այսօրվա ԱԺ նախագահը։ Այս կայքի նախկին խմբագիր Էմմա Պալյանը այժմ իշխանական խմբակցության պատգամավոր է։ Կայքը կապվում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և նրա ընտանիքի հետ։

 

Medianews-ը սկսեց տիրաժավորել նաև սոցիալական ցանցերում Արմինե Մոսիյանին ու արցախցիներին թիրախավորող ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները։ Այսպես, լրատվամիջոցը մետրոյի միջադեպից անմիջապես հետո հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանի գրառումը։ Օգտատերը, արդարացնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն ու արարքը արցախցի կնոջ ու արցախցիների նկատմամբ, Արմինե Մոսիյանին ու «իր նմաններին» անվանում է  «չուշկա»։ Ավելին, օգտատերը համարում է, որ իշխանության հետ անհամաձայնություն հայտնած արցախցիներին չպետք է քաղաքացիություն շնորհվի։ «․․․Սա ու սրա նմանները պետք է վախենան տանից դուրս գալ։ …Հերիք եղավ ամեն թուրքի «գուրգուրածի» քաղաքացիություն շնորհեք աջ ու ձախ առանց յոթ պորտ կենսագրությունը ստուգելու»,- նշում է օգտատերը։ Medianews-ը այս նյութի համար որպես վերնագիր էր ընտրել Մովսիսյանի գրառման հետևյալ հատվածը․ «Անլվա բերանը բացելուց ու մեր գլխին անեծքներ լցնելուց առաջ չեղած ուղեղով թող մտածի թե ինչ հետևանքների է բախվելու»։

Medianews-ը տարածեց նաև արցախցիներին թիրախավորող իշխանամետ օգտատեր Նատալի Ալեքսանյանի գրառումը, որը կրկին հիմնված էր Արմինե Մոսիյանի վերաբերյալ վերոնշյալ կեղծիքի վրա։ Նյութը վերնագրված էր․ «Այս կնոջը երբեք չեմ ներելու, մետրոյում ասել է՝ թքած ունի Հայաստանի վրա․ Ալեքսանյան»։ Մեկ այլ իշխանամետ օգտատեր ևս թիրախավորեց Արմինե Մոսիյանին՝ կրկին հենվելով արցախցի կնոջը վերագրվող կեղծիքի վրա։ «Հայաստանի վրա թքած ունեցողին դեռ պաշտպանողներ կա՞ն․ Արա Հակոբյան» վերնագրով գրառումը տիրաժավորեց Medianews-ը։

 

«Դասալիք ղարաբաղցիների» պատումը

 

Մարտի 26-ի ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը շարունակեց մետրոյի միջադեպի ընթացքում օգտագործված «փախածների» վերաբերյալ պատումը և հերթական անգամ թիրախավորեց արցախցիներին՝  2023թ․ սեպտեմբերի ադրբեջանական հարձակման ընթացքում արցախյան կողմից դիմադրություն ցուցաբերելու հանգամանքը դնելով կասկածի տակ։ «2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց․ «Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ դա կարող է լինել 80%, կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված․․․»։ Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներով 2023-ի սեպտեմբերի մեկօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը 700-ից ավելի կորուստ է ունեցել, որից 205-ը՝ սպանված։ 

 

Նիկոլ Փաշինյանի «դասալիք ղարաբաղցիների» մասին պատումը շարունակեց արցախցիներին թիրախավորող գրառումներով հայտնի, մեծ լսարան ունեցող իշխանամետ օգտատեր և Փաշինյանի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի միջոցառումներին մասնակցող Ռոման Բաղդասարյանը։

 

Անդրադառնալով Չարենացավանում ենթադրաբար արցախցի կնոջ խոսակցությանը Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ կինը մեղադրում է վարչապետին Արցախի կորստի համար, Ռոման Բաղդասարյանը  նշում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկներն ու բուժքույրերը խնդրում էին ղարաբաղցի կանանց գնալ ու օգնել հիվանդանոցներում, իսկ վերջիններս կամ փախել էի Երևան կամ էլ նստել նկուղներում՝ նշելով որ նման կանայք իրավունք չունեն վարչապետին հարցեր տալ։ Բաղդասարյանը այնուհետև անցել է վիրավորանքների․ «Իսկ ես կարող եմ ասել, որ ես գտնում եմ, որ այն մարդիկ և այն կանայք, ովքեր հրաժարվել են օգնեն մեր վերավորներին, ես գտնում եմ, որ դուք անասուն եք և դուք անմարդկային կենդանի եք»։

 

Ռոման Բաղդասարյանը, վրդովվելով ենթադրյալ արցախցի կնոջ վարչապետին ուղղված հարցից, նշում է, որ ղարաբաղցի կանայք հազարներով իրենց ամուսինների հետ պատերազմի հենց առաջին օրը փախել են Երևան։ Վիրավորներին իբր չօգնելու թեման Բաղդասարյանը զարգացնում է իր ֆեյսբուքյան էջում դրված մեկ այլ տեսանյությում, այս անգամ թիրախավորելով Արմինե Մոսիյանին, վիրավորական բառեր օգտագործելով ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ․ «Երեկ նայեցի մի տեսանյութ Ղարաբաղից կնոջ մասին. Այդ կինը կարծում է, թե մենք հիշողություն չունենք և չգիտի, թե ովքեր են իրենք՝ Ղարաբաղի կանայք։ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ ղարաբաղցի կինը և նրա նման անզգա մարդիկ հրաժարվեցին Ղարաբաղի հիվանդանոցներում խնամել մեր վիրավորներին: Բժիշկներն ու բուժքույրերը խնդրում էին, որ կանայք գան ու օգնեն վիրավորներին, բայց այդ անսիրտ մարդիկ կամ փախան Հայաստան, կամ նստած մնացին նկուղներում»: 

 

Իր տեսանյութերում իշխանամետ օգտատերը նշում է, որ ինքն էլ է արցախցի՝ շարունակելով․ «Ոչ մի ղարաբաղցի իրավունք չունի Հայաստանում, ոչ մի ղարաբաղցի, մի հատ խոսք, հա, վատ խոսք ասի վարչապետի դեմ։ Ոչ մի ղարաբաղցի իրավունք չունի ոչ մի նկատողություն անի այս կառավարությանը, քանի որ մենք մեծամասնությամբ կռվող չենք, մենք թալանչի ենք, մենք թալանել ենք մեր երկիրը, մեր տունը, Ղարաբաղը, մենք չենք սիրել Ղարաբաղը և մենք մեծամասնությամբ չգիտենք Աստված որտեղ է»՝ վերջում ամփոփելով, որ Փաշինյանի մի հատ մազը ավելի կարևոր է իր համար, քան թե բոլոր ղարաբաղցիները։

Բաղդասարյանը վերջին տարիներին աչքի է ընկել արցախցի փախաստականների դեմ ապատեղեկատվություն ու ատելության խոսք տարածելով։ Օրինակ, նախորդ տարվա գարնանը, երբ արցախցի փախստականները բողոքի ակցիաներ էին իրականացնում Կառավարության կողմից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության հիմնական ծրագրի կրճատման դեմ, Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ աջակցություն ստացած փախստականներից միայն 12-14 տոկոսն են ազնիվ մարդիկ և հանցագործություններ չեն կատարել։ Նա նաև մեղադրել էր արցախցի սպաներին խաղաղ երևանցիների և զինվորների դիտավորյալ սպանության մեջ։ Այս գրառման կապակցությամբ մեկ տարի առաջ քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում մինչ այսօր որևէ զարգացում չկա։ 

 

«Անշնորհակալ ղարաբաղցիների» պատումը

 

Մետրոյի միջադեպի ժամանակ վարչապետի «մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ [Արցախում] մնաք»-ի համատեքստում «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումը շարունակեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, պնդելով, որ իր ստեղծման պահից ի վեր Ղարաբաղում ապրել են հայաստանցիների հաշվին։ Նախարարը մեղադրեց Արմինե Մոսիյանին Հայաստանի քարտեզի նկատմամբ «ագրեսիվ» ու «քամահրական» վերաբերմունքի համար։ «Շատ զարմանալի է, որ ապրելով Հայաստանի Հանրապետությունում ու ստանալով մեր կողմից էլ, պետության կողմից էլ, ըստ էության, ամեն ինչ, մեր բոլոր աջակցության ծրագրերը, էլ չասած մինչև էդ աջակցությունները Ղարաբաղում ապրելու ժամանակ, և ըստ էության բոլորս էլ գիտենք, որ Ղարաբաղը իր ստեղծման օրից ի վեր, եթե այդպես կարելի է ասել, ապրել է Հայաստանի Հանրապետության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շնորհիվ, ու այդպիսի քամահրական վերաբերմունք ունենալով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դժվար է զսպել էմոցիաները»,-նշել է Թորոսյանը։

 

Այս պատումը ակտիվորեն տարածում էր նաև Ռոման Բաղդասարյանը։ Նրա կողմից Արմինե Մոսիյանին ու արցախցիներին թիրախավորող տեսանյութում ասվում է․ «35 տարի Հայաստանը և սփյուռքը կերակրել են ձեզ՝ Ղարաբաղի ձրիակերներին, իսկ դուք չցանկացաք հիվանդանոցներում խնամել վիրավորներին: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ձեր անզգամությունը և անմարդկային պահվածքը ու նրանք, ովքեր Ղարաբաղում չցանկացան խնամել մեր վիրավորներին, Աստված արդարորեն վտարեց նրանց Ղարաբաղից»։ 

 

Փախստականների թիրախավորումը ընդդիմադիր գործիչների կողմից

 

Արցախցիներին թիրախավորելուց զերծ չեն մնում նաև ընդդիմադիր որոշ գործիչներ։ 2026թ․ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։ Այս միջոցառմանը ներկա էին հիմնականում արցախցիներ, որոնք աշխատում էին պետական ու համայնքային կառույցներում, բյուջետային աշխատողներ էին։ Նրանցից ոմանք շնորհակալություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների աջակցության ծրագրերի համար, ինչից հետո ենթարկվեցին թիրախավորման։

Այսպես, նախկին մարզպետ և դեսպան, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորած դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Էդգար Ղազարյանը անդրադարձ կատարեց այդ քննարկմանը մասնակցած արցախցիներից մեկին և զուգահեռներ տարավ նացիստական Գերմանիայի հետ։ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով մարզպետարաններից մեկում աշխատող արցախցու նկարը, որը վերոնշյալ քննարկման ընթացքում շնորհակալություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ղազարյանը գրել է․ «Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարում գտնվող ոչ մի հրեա շնորհակալություն չի հայտնել Ադոլֆ Հիտլերին՝ ցեղասպանության և բռնի տեղահանության համար, իսկ Աշտարակում բնակվող արցախցի այս երիտասարդը այսօր շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հայության բռնի տեղահանության և Արցախի կորստի համար։ Այս մարդկանց պետք է ճանաչել դեմքով։ Լուսանկարում պատկերված է այդ երիտասարդը»։

Այս գրառմամբ Ղազարյանը փաստացիորեն թիրախավորեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած արցախցիներին, այլև բոլոր այն փախստականներին, որոնք ունեն պրոիշխանական հայացքներ։ Քաղաքական հայացքների հիման վրա փախստականների թիրախավորումը նոր երևույթ չէ։ Այն ակտիվորեն կիրառվում է նաև իշխող կուսակցության կողմից։

 

Փաստացիորեն, անկախ այն հանգամանքից, թե փախստականները որ քաղաքական ուժին են աջակցում, մշտապես ի հայտ են գալիս տարբեր բևեռներ ներկայացնող քաղաքական դերակատարներ, որոնք թիրախավորում են նրանց՝ քաղաքական նախապատվությունների պատճառով։ Սա լրջագույն խոչընդոտ է Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքում փախստականների ինտեգրման գործընթացում։

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ իշխանական և ընդդիմադիր խմբերի կողմից փախստականներին թիրախավորող ատելության խոսքի ծավալներն ու բնույթը անհամեմատելի են։ Իշխող կուսակցության պարագայում փախստականների թիրախավորումը հասնում է շատ ավելի մեծ ծավալների, ունի համակարգված բնույթ և ներառում է նաև մեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցների օգտագործում։

 

Եզրակացություն

 

Ինչպես և ակնկալվում էր, նախընտրական շրջանի փաստացի մեկնարկից հետո արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի ծավալները զգալիորեն աճել են։ Ատելության խոսքը հիմնականում տարածվում է իշխանական կամ պրոիշխանական գործիչների կողմից, ինչպես նաև իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից։

Փախստականների թիրախավորումը ունի համակարգված բնույթ և իրականացվում է հստակ մշակված մեխանիզմով, երբ կառավարող ուժի կողմից վերահսկվող լրատվամիջոցները արցախցիներին թիրախավորող նույն գրառումները զուգահեռաբար արտատպում են և տարածում սոցիալական հարթակներում։
 

Միևնույն ժամանակ, արցախցիները թիրախավորվում են իրենց հայացքների համար՝ անկախ քաղաքական նախընտրությունից։ Իշխանական և ընդդիմադիր գործիչների այս գործելաոճը խոչընդոտներ է ստեղծում արցախցիների՝ հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտերում ինտեգրման համար։
 

Արցախցիների դեմ ուղղված պատումների գործիքայնացումը քաղաքական դերակատարների կողմից նպաստում է փախստականների դեմ ատելության խոսքի աճին կենցաղային մակարդակում՝ ամրապնդելով այս խոցելի խմբի նկատմամբ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Իրավապահ համակարգի անգործությունը ևս նպաստում է այս վնասակար խոսույթների և խտրական վերաբերմունքի տարածմանը։

 

 

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։