Վլադիմիր Վարդանյանի ընտրությունն ու դատական համակարգի շարունակվող քաղաքականացումը
07/04/2026
#DemocracyWatch- Մարտի 25-ին Ազգային ժողովը Վլադիմիր Վարդանյանին ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ։ Քվեարկությանը մասնակցեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը լուրջ քննադատության պատճառ դարձավ Հայաստանում, քանի որ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց օրեր առաջ նա իշխող կուսակցության անդամ էր և Ազգային ժողովի պատգամավոր։ Վարդանյանը տարիներ շարունակ իշխող կուսակցության ամենաակտիվ անդամներից էր և ղեկավարում էր նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Խորհրդանշական է, որ Վարդանյանն ընտրվել էր ՍԴ թափուր տեղի համար, որը ազատվել էր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետևանքով։
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում արդարադատության նախարար աշխատած և Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Թովմասյանը ՍԴ դատավոր և նախագահ ընտրվեց իշխող մեծամասնության կողմից, այդ քայլը ևս դիտարկվեց որպես դատական իշխանության անկախությունը խաթարող և ՍԴ-ն քաղաքական իշխանությանը ենթարկելու միջոց։
Այդ քննադատությունը պարբերաբար հնչեցվում էր նաև 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ Թովմասյանը շարունակում էր ՍԴ անդամ մնալ։ Այսպես, 2019-ի հոկտեմբերին, երբ Ազգային ժողովը քննարկում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Հրայր Թովմասյանի անկողմնակալությունը կասկածի տակ էին դնում նաև նրա՝ նախկինում ՀՀԿ-ին անդամակցելու փաստի պատճառով:
Տարիներ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացիորեն նույն խնդրահարույց ճանապարհով է գնում։ ՍԴ դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դատապարտելով այդ քայլը։
Հայտարարությունում նշվում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց օրեր առաջ իշխող կուսակցությունը լքելը ու պատգամավորական մանդատից հրաժարվելը բավարար նախապայմաններ չեն Վարդանյանի անկախության և անկողմնակալության վերաբերյալ կասկածները փարատելու համար՝ հաշվի առնելով նրա երկարամյա և ակտիվ քաղաքական պատկանելությունն ու գործունեությունը։
Դատարանների համալրումը լոյալիստներով
Սահմանադրական դատարանները լոյալ կամ իշխող կուսակցության հետ ուղղակիորեն փոխկապակցված դերակատարներով համալրումը վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարական հետընթացը ուղեկցող ամենատարածված միտումներից է։
Այսպես, 2015-ին Լեհաստանի հեռացող իշխանությունը նշանակեց Սահմանադրական տրիբունալի հինգ դատավորի, սակայն 2015-ի նոյեմբերին իշխանությունը ստանձնած ուժը չճանաչեց նրանց լիազորությունները, նշանակեց իրեն հավատարիմ հինգ դատավորի, իսկ նախագահ Անջեյ Դուդան երդում ընդունեց իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նշանակած դատավորների մասնակցությամբ։ Հաջորդ փուլում՝ 2017-2018 թթ․, իշխող կուսակցությունը զտեց Գերագույն դատարանի անդամներին՝ նվազեցնելով դատավորների տարիքային շեմը։
Դատավորների մոտ 40 տոկոսի, այդ թվում Գերագույն դատարանի գործող նախագահի լիազորությունները դադարեցվեցին։ Քայլեր ձեռնարկվեցին նաև Ազգային դատական խորհրդի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության այս նախաձեռնությունները արժանացան եվրոպական կառույցների քննադատությանը։ Եվրամիությունը և եվրոպական դատական ինստիտուտները դրանք գնահատեցին որպես իրավունքի գերակայության սկզբունքի խախտում, ինչը հանգեցրեց նաև ֆինանսական սահմանափակումների կիրառմանը։
Այս միտումը արտացոլող մեկ այլ ցցուն օրինակ է Հունգարիայի դեպքը, երբ 2010-ին իշխանության եկած Վիկտոր Օրբանի կուսակցությունը նախ ավելացրեց Սահմանադրական դատարանի անդամների թիվը՝ 11-ից դարձնելով 15, համալրեց դատարանը լոյալ դատավորներով, ապա կրճատեց ՍԴ լիազորութունները։
Նաև դատական անկախության դեմ ուղղված այս քայլերի պատճառով 2022-ի դեկտեմբերին ԵՄ-ն Հունգարիային հասանելիք միջոցներից սառեցրեց շուրջ 22 միլիարդ եվրո։
Դատական համակարգի գործիքայնացում
Այս և այլ նախադեպերը հաշվի առնելով՝ կարելի է վստահությամբ նշել, որ Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը ՍԴ դատավորի պաշտոնում համպատասխանում է ավելի լայն և երկարատև միջազգային միտումներին, երբ անցումային շրջանում գտնվող և թույլ ինստիտուտներ ունեցող համակարգերում տեղի է ունենում իշխանության կենտրոնացում գործադիրի ձեռքում։
Այս գործընթացը Հայաստանում նոր չի սկսվել, և Վարդանյանի ընտրությունը պարզապես դրա հերթական դրվագն է։ Այս քայլերը լրջորեն հարվածում են դատական անկախությանը Հայաստանում, խաթարում են իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքը և ոչնչացնում օրեցօր քչացող զսպումների ու հակաշիռների մեխանիզմը։ Շարունակական այս գործընթացի պատճառով է նաև հնարավոր դառնում դատական համակարգի գործիքայնացումը նեղ քաղաքական նպատակներով, ինչի ականատեսն ենք դարձել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։
Ուշագրավ է, որ ինչպես վերջին շրջանի հակաժողովրդավարական այլ զարգացումների պարագայում, այս դեպքում ևս Հայաստանի ժողովրդավարության կայացմանը աջակցող և դրանով հետաքրքրված որևէ արտաքին դերակատար հրապարակայնորեն չդատապարտեց այս քայլը։ Ավելին, կային նույնիսկ դերակատարներ, որոնք շնորհավորեցին Վարդանյանին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս մոտեցումը կարող է քաղաքականապես նպատակահարմար լինել կարճաժամկետ կտրվածքով, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն լուրջ հետևանքներ է ունենալու ինչպես Հայաստանում ժողովրդավարության կայացման հեռանկարների, այնպես էլ այդ միջազգային դերակատարների հեղինակության համար։
Տիգրան Գրիգորյան, Հայկ Խանումյան
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։