Հայկական բանակի խնդիրները՝ քաղաքական հայտարարություններ, ծառայության հեղինակություն և զարգացած երկրների փորձ
08․04․2026
Հայաստանում ժամանակ առ ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտարարություններ են անում, որոնք անմիջականորեն ազդում են զինվորական ծառայության հեղինակության և բանակի նկատմամբ հասարակական վերաբերմունքի վրա։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ասվածը։,Նա հայտարարել է, որ իր որդին բանակում չի ծառայել, քանի որ «շատ բարձրակարգ տղա է»։
Գաղտնիք է, թե ինչ առանձնահատուկ տաղանդ ունի պատգամավորի որդին, որ, հոր վարկածով, երկրի պաշտպանության գործին մասնակցելը կարող է վնասել նրա բարձր ինտելեկտուալ կարողություններին։ Հնարավոր է՝ նրա որդու մասնակցությունը երկրի պաշտպանությանը վնաս հասցներ պետության պաշտպանունակությանը․ այդ դեպքում դա իսկապես կլիներ լուրջ փաստարկ։
Պաշտոնյայի նման հայտարարությունները հատկապես սրվում են պատգամավոր Հայկ Սարգսյանի ձախողված նախաձեռնությունից հետո, որը նախատեսում էր զինվորական ծառայությունից վճարովի ազատման հնարավորություն։ Հանրային դիսկուրսում այս նախաձեռնությունն արդեն ստացել է «աղքատների բանակ» ձևակերպումը, քանի որ փաստացի նախատեսում էր մի համակարգ, որտեղ ապահով խավերը ստանում են ծառայությունից օրինական խուսափելու հնարավորություն, մինչդեռ պակաս ապահով քաղաքացիները մնում են զինված ուժերի հիմնական կադրային բազան։
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները հանրության համար ծայրահեղ բացասական ազդակ են։ Ըստ էության, նա բացահայտ ասում է, որ բանակը տեղ չէ ինտելեկտուալ էլիտայի համար, որի շարքին նա, ակնհայտորեն, դասում է իր ընտանիքը, այլ այն հասարակության ոչ կրթված շերտերի տեղն է։
Նման թեզ հնչում է մի մարդու կողմից, որը ղեկավարում է Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը և իր գործառութային դերով պետք է զբաղվի բանակի առանցքային խնդիրների լուծմամբ, որոնցից մեկը համարվում է զորակոչիկների թերհավաքը։ Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է թվեր, ըստ որոնց՝ վերջին երեք տարիներին զորակոչիկների աճը կազմել է 25.3%, այդ թվերը հեռու են տարեկան օպտիմալ հավաքագրումից։
Ե՛վ Անդրանիկ Քոչարյանը, և՛ Հայկ Սարգսյանը Հայաստանի իշխող կուսակցության անդամներ են, և նման նախաձեռնություններն ու հայտարարությունները անխուսափելիորեն ազդում են զինված ուժերի նկատմամբ վստահության մակարդակի և արդեն իսկ ցածր ծառայության հեղինակության վրա։
Ժամանակակից բանակը տեխնոլոգիաներ են։ Այնտեղ պահանջվում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլև բարձր մակարդակի կրթություն ու ինտելեկտուալ ներուժ։ Այսօր բանակը կիբերանվտանգություն է, անօդաչու համակարգեր, հետախուզություն և վերլուծություն, բարձր ճշգրտության զինատեսակներ, կապի և կառավարման համակարգեր։
Հայաստանի բանակի վերազինման և նոր պատրաստության ու մարտական գործողությունների վարման չափանիշների աստիճանական անցման պայմաններում կրթված մասնագետների դերը դառնում է առավել կարևոր։ Ժամանակակից տեխնիկայի յուրացումը, կառավարման նոր համակարգերի ներդրումը, անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը, թվային կապի և հետախուզական համակարգերի հետ աշխատանքը պահանջում են որակյալ կադրեր՝ ինժեներներ, IT մասնագետներ, վերլուծաբաններ, բարդ զինատեսակների համակարգերի օպերատորներ։ Զինված ուժերի ցանկացած արդիականացում ուղղակիորեն կախված է մարդկային կապիտալից։ Ժամանակակից զենքը պահանջում է ոչ միայն գնում և նախընտրական քարոզարշավում հանրային ցուցադրություն, այլև գրագետ շահագործում, տեխնիկական սպասարկում, տվյալների վերլուծություն և մարտավարական կիրառում։
Առանց կրթված մասնագետների հնարավոր չէ կառուցել արդյունավետ պաշտպանական համակարգ։
Իսրայելի փորձը
Ցուցադրական օրինակ է Իսրայելը, որտեղ զինվորական ծառայությունը դիտարկվում է որպես պետական համակարգի և ազգային համախմբման կարևորագույն տարր։
Բանակում ծառայում են հասարակության տարբեր սոցիալական և ինտելեկտուալ շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչների երեխաներ, առաջատար համալսարանների ուսանողներ, ինժեներներ և ծրագրավորողներ, ապագա ձեռնարկատերեր և կառավարչական կադրեր։
Check Point Software Technologies-ի, Mobileye-ի նման ընկերությունների բազմաթիվ հիմնադիրներ ու ղեկավարներ, ինչպես նաև Waze հավելվածի ստեղծողները անցել են զինվորական ծառայություն, այդ թվում՝ բանակի տեխնոլոգիական և հետախուզական ստորաբաժանումներում, որտեղ ձեռք են բերել բարձր տեխնոլոգիաների հետ աշխատանքի, նախագծերի կառավարման և ռազմավարական մտածողության փորձը, որը հետագայում իրացրել են բիզնեսում և նորարարական տնտեսությունում։
Բանակը նրանց տվել է բարձր տեխնոլոգիաների հետ աշխատանքի հմտություններ, նախագծերի կառավարման փորձ, մասնագիտական կապերի հասանելիություն, ձևավորել է ռազմավարական մտածողություն, կարգապահություն և պատասխանատվության բարձր մակարդակ։
Հատկապես ցուցադրական է քաղաքական մակարդակը․ Իսրայելում քաղաքական ուժերի ղեկավարները կամ կառավարության ղեկավարները բոլորն անցել են զինվորական ծառայություն։ Նրանցից շատերը կարիերան սկսել են շարքային պաշտոններից և անցել ճանապարհը մինչև սպա, գեներալ ու հրամանատար, ապա տեղափոխվել քաղաքականություն կամ պետական կառավարում։ Իսրայելում բանակը կատարում է այնպիսի ինստիտուտի դեր, որը ձևավորում է պետության էլիտան և միավորում հասարակությունը անվտանգության համար ընդհանուր պատասխանատվության գաղափարի շուրջ։
Այս ֆոնին օրինաչափ հարց է ծագում՝ ինչպիսի բացառիկ ինտելեկտուալ և մասնագիտական ունակություններով պետք է օժտված լինի Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորի որդին, որպեսզի բանակում ծառայությանը մասնակցելը նրա համար համարվի անթույլատրելի, այն դեպքում, երբ պետության քաղաքականության և տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող մարդիկ, ինչպես նաև համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություններ ու նորարարական արտադրանքներ ստեղծածները անցել են զինվորական ծառայություն և այն դիտարկել որպես իրենց մասնագիտական կայացման կարևոր փուլ։
Հայաստանի ընտրությունը
Ժողովրդավարական որոշ երկրներում, որտեղ կա պարտադիր զորակոչ, գործում է զորակոչի կանոնների խիստ կարգ, և հասարակության սոցիալական շերտերի միջև տարբերություններ չկան։ Ծառայությունը պարտադիր է ֆիզիկապես պիտանի բոլոր քաղաքացիների համար։ Նախատեսված են քրեական պատասխանատվություն, տուգանքներ և հատուկ հարկեր՝ ծառայության համար ֆիզիկապես ոչ պիտանի ճանաչվածների համար։ Միաժամանակ, եթե այնտեղ օրենքի պահպանումը խիստ վերահսկվում է, և խախտումները պատժվում են, ապա Հայաստանում նույնիսկ ծառայությունից խուսափելու դեմ առկա ձևական միջոցները գործնականում գրեթե չեն աշխատում կամ աշխատում են ծայրահեղ թույլ։ Կառավարությունը նաև չի ընդունում որևէ սահմանափակող կամ խթանող միջոց՝ այն դեպքերում, երբ արական սեռի անձինք մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից։
Ժողովրդագրական, ռազմաքաղաքական և սոցիալական մարտահրավերների ֆոնին Հայաստանի առջև կանգնած է սկզբունքային ընտրություն՝ կառուցել հավասար քաղաքացիների բանա՞կ, որտեղ ծառայում են հասարակության բոլոր շերտերը, թե՞ շարժվել այն մոդելի ուղղությամբ, որտեղ բանակը դառնում է պարտականություն միայն սոցիալապես խոցելի շերտերի համար։ Ծառայությունից վճարովի ազատման նախաձեռնությունները կամ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենց ընտանիքի կրթված անդամները կարող են չծառայել, ակնհայտորեն վկայում են հասարակության ներսում բանակի ընկալման լուրջ ճգնաժամի մասին։
Չնայած սոցիոլոգիական հարցումներով Հայաստանում բանակը ավանդաբար զբաղեցնում է վստահության բարձր դիրքեր, պրակտիկան հակառակն է ցույց տալիս։ Եթե բարձրագույն պաշտոնյաների դասը բանակը ընկալում է որպես վայր, որից պետք է հեռու մնալ, իսկ հասարակությունը ձգտում է ամեն կերպ խուսափել ծառայությունից, ապա ազգային համախմբման և երկրի պաշտպանության համար ընդհանուր պատասխանատվության մակարդակը մնում է ծայրահեղ ցածր։
Ուժեղ բանակը կառուցվում է սոցիալական բոլորշերտերի մասնակցության և ինտելեկտուալ կադրերի ներգրավվածության սկզբունքների վրա։ Հենց այդպիսի մոդելն է ստեղծում ազգային անվտանգության կայուն համակարգ։
Էդուարդ Առաքելյան
ԺԱՏԿ
Հոդվածը ի սկզբանե հրապարակվել է Սիվիլնեթում։